ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

ՇՆՈՐՀԱԼԻՆ

ՇՆՈՐՀԱԼԻՆ
04.11.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Խե՜ղճ մարդ, ինչի ասես դիմանում է այս կյանքում։ Եվ նրան դեռ համարում են «երջանիկ»` ոչ մի տեղեկություն չունենալով, թե ինչպես է ապրում։
Նախ և առաջ` պահանջների չափազանց բարձր բեռը։ Ամեն մեկն իրեն իրավունք է վերապահում օժտվածից շատ ավելի մեծ բաներ ակնկալելու և պահանջելու։ Ըստ էության, դեռ ոչ ոք չգիտի, թե նրա մեջ ինչ է կատարվում, ինչ է այդ «օժտվածությունը»։ Սակայն խեղճ տղան արդեն ունի այդ չարաբաստիկ համբավը, որ «օժտված է», ու ոչ ոք չի ցանկանում մտածել, որ յուրաքանչյուր օժտվածություն ունի իր չափն ու սահմանը, որ ամեն մի օժտվածություն ինչ-որ չափով սահմանափակություն է։ Դեռ մանուկ հասակում օժտված երեխային տանջում են, դեսուդեն քշում, հալածում են ու քաշքշում։ Հետո նրանից պետք է դուրս գա ինչ-որ «առանձնահատուկ» բան։ Մենք, մնացած շարքային մարդիկս, շատ ավելի հեշտ ենք ապրում. դուրս կգա մեզնից ինչ-որ պիտանի բան, դա էլ է հերիք, մնացածը ոչ մեկին չի վերաբերում։ Իսկ օժտվածը միշտ գտնվում է «խայտառակվելու» վտանգի տակ։ Նա մշտապես ակամա խաբեբայի տհաճ վիճակում է, կարծես նա խոստացել է, Աստված գիտի, թե ինչ, և պարտավոր է խոստումը կատարելու։ Ամբողջ կյանքում նա իրեն տեսնում է կանգնած այդ երկընտրանքի առաջ` կամ բարձրագույն նվաճում, կամ էլ «խայտառակություն», և չգիտի, թե ինչպես ու երբ կգտնի անդորր։
Նա դարձյալ չի հասկանում, թե ինչպես է լինում, որ գրեթե բոլոր մարդիկ տրամադրված են իր նկատմամբ թերահավատությամբ ու հեգնանքով, չարակամությամբ և չարախնդորեն։ Կարծես նա ինչ-որ ձևով նրանց նեղացրել է կամ վիրավորել. ասես իր ամեն մի անհաջողությունը նրանց պատճառում է ինչ-որ տարօրինակ բավարարվածություն։ Կարծես նրանց մեծամասնությունն անխոս շշնջում է նրան. «Ինչպե՞ս, դու դեռ այստե՞ղ ես։ Ե՞րբ ես կորչելու, ա՛յ ձանձրալի»։ Նա պետք է ամեն կերպ ներշնչի ինքն իրեն, որ դա միայն իր երևակայությունն է, հետապնդման թեթև մոլագարություն, որ բոլորն իր հետ սիրալիր են ու հաճելի։ Բայց դա չի օգնում։ Եվ նա իրավացի է. չէ՞ որ մենք` շարքային մարդիկս, շատ լավ ենք կարողանում պղպեղել օժտվածի կյանքի կարկանդակը և թթու համ տալ նրա վայելքի գինուն։
Չէ՞ որ նրա «գերազանցության զգացումը» պարզապես անտանելի է, իսկ «ինքնահավանությունն» անցնում է հնարավոր բոլոր սահմանները։ Մի՞թե ճիշտ չէ։
ՈՒ նաև նրան են ուղղված բոլորի հայացքները. բոլորն ուզում են իմանալ նրա մասին հնարավորինս շատ նորություն` ինչքան է նա ստանում, որտեղ է լինում, ինչպես է իրեն պահում, հո սիլի-բիլիներ չի անում մեկի հետ։ Մեզ` շարքային մարդկանց համար, նա բամբասանքների առարկա է. հենց դրա համար էլ գոյություն ունեն նրանք` շնորհալի, անպաշտպան, աչքի ընկնող, որպեսզի մենք կարողանանք բավարարել մեր ստոր հետաքրքրասիրությունն ու մի քիչ զվարճանանք նրանց հաշվին։ Դրան, բացի այլ բաներից, խառնվում են մրցակիցների նախանձը, թշնամիների դավերը, գործընկերների խեթ հայացքները, կարճ ասած, այն մթնոլորտը, որը շրջապատում է շնորհալուն աշխատանքի տեղում, որտեղ տիրողը հետևյալն է. «Քո հաջողությունը իմ անհաջողությունն է, քո վրիպումը` իմ բարգավաճումը»։ Իսկ եթե նրան` այդ խեղճ օժտվածին, այցելության գան մեր բոլոր եգիպտական տանջանքները` ձանձրույթը, անքնությունը, հոգսերը, անհաջողությունը, թախիծը, հիվանդությունը և աղքատությունը, այդ ժամանակ մի՞թե արդեն լիքը չէ նրա գավաթը։ Ո՞վ է այդ ժամանակ երազում մխիթարության մասին` շնորհալի՞ն, թե՞ անշնորհքը։
Օ՛հ, եթե երբևիցե մեր սիրտը կարողանար ազատվել նախանձից։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1617

Մեկնաբանություններ